Արցախի Քաշաթաղի շրջանում ականի պայթյունի հետեւանքով ողնաշարի կոտրվածք ստացած Գառնիկ Ավետիսյանին այս պահին վիրահատում են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ողնաշարի վնասվածք ստացած Գառնիկ Ավետիսյանին վիրահատարան են տեղափոխել ժամը 15:00-ին մոտ: Հիվանդանոցում հավաքված նրա հարազատները, որոնք մինչեւ այդ զրուցել են բժիշկների հետ, ասում են, որ հույս կա՝ Գառնիկ Ավետիսյանը հաշմանդամ չի դառնա, քանի որ չնայած ողնաշարի վնասվածքին՝ ոտքերը կարողանում է շարժել: Ավելի վաղ հաղորդել էինք, որ Գառնիկ Ավետիսյանի կինը բժշկի մոտից դուրս գալուց հետո ուշաթափվել էր:

Նշենք, որ Գառնիկ Ավետիսյանը մեր տեղեկություններով Արմավիրի քաղաքապետի մտերիմ ընկերն է եւ նրանք միասին են եղել դժբախտ պատահարի ժամանակ: Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 22-ի վաղ առավոտյան, քաղաքապետն իր վարորդի, երկու ընկերների եւ եղբոր հետ Արցախ էր մեկնել՝ մեր տեղեկություններով որս անելու: Վարորդը տեղում մահացել է, իսկ եղբայրը մարմնական վնասվածքներ չունի:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ քիչ առաջ հիվանդանոց է եկել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա այս պահին Արմավիրի քաղաքապետի մոտ է: