ԱՄՆ Վաշինգտոն նահանգի իշխանությունները փնտրում են բարեգործական խանութին մարդկային երեք գանգ նվիրաբերած անձին, փոխանցում է Reuters-ը:

Չնայած նրան դեռ չեն գտել, տեղեկություն տրամադրելու մասին իշխանությունների խնդրանքը դարձել է  մարդկային նոր մնացորդներ հանձնելու պատճառ: 

Ըստ Սիեթլ քաղաքի եւ Քինգ շրջանի դատաբժշկական փորձագետի՝ իրենք հույս են ունեցել զրուցել բարեգործական խանութին գանգերը թողած մարդու հետ, որպեսզի իմանան  մնացորդների ծագման մասին: Գանգերից մեկը 100 տարվա է, եւ այն, ամենայն հավանականությամբ, պատկանել է հնդկացի երեխայի: Մյուս երկու գանգերը պատկանել են  տարեցների: Ըստ Վաշինգտոն նահանգի օրենքի՝ հնդկացիների գանգերը պետք է հանձնվեն  նրանց ցեղին՝ հուղարկավորության համար: 

Չնայած դեռ չի հաջողվել տեղեկություն ստանալ  գանգերի աղբյուրի մասին, հանրային իրազեկման արդյունքում զանգահարել է երեք մարդ եւ ցանկություն հայտնել հանձնել իրենց մոտ եղած մարդկային գանգերը: Գանգերից երկուսը պատկանում են Ամերիկայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին, երրորդը հիվանդանոցային նմուշ է: