Ռուսամետ ակտիվիստները նահանջել են երեք բնակավայրերից եւ Դոնեցկի օդանավակայանից, սակայն գրավել են քաղաքից հարավ-արեւելք գտնվող մի քանի գյուղեր: Ինչպես հաղորդել է ակտիվիստների հրամանատար Իգոր Ստրելկովը, Ուկրաինայի բանակին եւ ազգային գվարդիային հաջողվել է արգելափակել ռուսամետ ակտիվիստների կողմից գրավված օդանավակայանը, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նրա խոսքով՝ ռուսամետ ակտիվիստները շարունակում են առաջխաղացումը Դոնեցկի հարավ-արեւելքում, որը շրջապատված է ուժայինների եւս մեկ խմբավորումով:

«Մենք թողել ենք Կարլովկան, ինչպես նաեւ Նետայլովոն եւ Պերվոմայսկոեն այնտեղ գտնվող ոչ մեծ ուժերի շրջափակման եւ ոչնչացման սպառնալիքի տակ: Մենք հետ ենք նահանջել առանց տեխնիկայի որեւէ եւ մարդկանց աննշան կորուստների: Այո, արդյունքում հակառակորդը արգելափակել է օդանավակայանը  եւ անմիջականորեն դուրս եկել Դոնեցկի հյուսիս-արեւմտյան շրջանների վրա, սակայն դա այդպես էլ պետք է լիներ մի քանի օր անց, իսկ հարյուրավոր աշխարհազորայիններ իրենց կյանքով կվճարեին ընդհանուր առմամբ ոչինչ չնշանակող ժամանակի տվյալ  շահումի համար», ասել է Ստրելկովը:

Ռուսամետ ակտիվիստների հաղորդագրությամբ, ներկայումս Դուբրովկի շրջանում շարունակվում են դիրքային եւ հրետանային մարտերը: