Երկու կուսակցությունների ամերիկյան օրենսդիրներն ասում են, որ Ռուսաստանը պետք է վճարի ուկրաինական իրադարձությունների գինը, սակայն այդ գինը պետք  է հայտարարվի միայն Եվրոպայի հետ լիակատար եւ ակտիվ համագործակցության դեպքում:

Կոնգրեսի անդամները ուշադրությամբ կհետեւեն այս շաբաթ Բրյուսելում կայանալիք Եվրամիության արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը:

Արեւելյան Ուկրաինայում Մալայզիական ավիաուղիների ինքնաթիռի կործանումը Ռուսաստանի նկատմամբ այնպիսի վատ արձագանք է առաջացրել, որը Կապիտոլյումի բլուրում չեն տեսել «Սառը պատերազմից» ի վեր, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Սենատոր Դեն Քոութսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կառավարում են «պաթոլոգիական անվստահությունն» ու «կայսերական նկրտումները»: Օրենսդիրի կարծիքով, Պուտինին պետք է ստիպել դադարեցնել Ուկրաինայի ինտերվենցիան:

 «Ես կարծում եմ, որ Ռուսաստանի տնտեսությունը ծնկի բերելու համար պետք է հնարավորինս ջանալ:  Մենք պետք է ռուսական ֆոնդային շուկայի խարխլման ականատեսները լինենք: Մենք պետք է ցանկացած ռուսական ապրանքների դիրքերի եւ արտահանման նվազեցման ականատեսը լինենք»,- հայտարարել է Քոութսը:

Սակայն հետագա պատժամիջոցները ավելի արդյունավետ դարձնելու համար ԱՄՆ-ը եւ իր եվրոպական դաշնակիցները պետք է միեւնույն ճակատով հանդես գան, կարծում է սենատոր-դեմոկրատ Քրիս Մերֆին: