ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Նավի Փիլայը չի բացառում, որ Իսրայելի բանակը ռազմական հանցագործություն է կատարել վերջին երկու շաբաթներին՝ Գազայի հատվածում գրոհայինների դեմ լայնամասշտաբ գործողություն ծավալելով:

Ըստ Փիլայի՝ ՄԱԿ-ի փորձագետները լուրջ կասկածներ ունեն, թե Իսրայելն իրոք այդ քայլին դիմել է  խաղաղ բնակիչների պաշտպանության համար, ինչպես պնդում են երկրի կառավարությունում:

Անցյալ շաբաթ Գազայի հատվածում յոթ երեխայի զոհվելու փաստը կարող է իսրայելցի զինվորականների մեղքն ապացուցող «ցնցող հանցանշան» լինել, պնդում է հանձնակատարը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Փիլայը դատապարտել է նաեւ ՀԱՄԱՍ-ի կողմից իրականացվող հրթիռակոծությունները, որոնց հետեւանքով զոհվել են խաղաղ իսրայելցիներ:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը հանձնակատարի խոսքերն անվանել է «չմտածված արձագանք», պնդելով, որ իր երկիրը առաջնորդվել է  տարածքը պաշտպանելու սկզբունքով: