Վերնիսաժում կատարվածի վերաբերյալ չի կարելի հայտարարություններ անել մինչեւ քննության ավարտը: Այդ մասին այսօր՝ հուլիսի 24-ին, լրագրողներին հայտարարեց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը: Նրա խոսքով՝ միջամտությունը քննության ընթացքին եւ քաղաքական հայտարարությունները ոչ մի օգուտ չեն բերի: «Դա կարող են մամուլը կամ պատգամավորներն անել, իսկ ես նման ճոխություն չեմ կարող ինձ թույլ տալ», - հավելեց Մանուկյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Կրակոցները հնչել են Գոռ Առաքելյանի` «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսայի կողմից: Վիճաբանությունը ծագել է ավտոկայանատեղի շուրջ միմյանց հնչեցված հայհոյանքների արդյունքում:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























