Վրացի երկրպագուները Բաքվում կայացած ֆուտբոլային խաղի ժամանակ Ադրբեջանին տարածքային պահանջներ են ներկայացրել:

Հուլիսի 31-ին Բաքվում ադրբեջանական «Նեֆչի» եւ վրացական «Չիխուրա» թիմերի միջեւ կայացել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղը: Խաղի ընթացքում վրացի երկրպագուները բարձրացրել են երկրի քարտեզը, որտեղ Վրաստանի կազմի մեջ են ներառել նաեւ այժմ Ադրբեջանի սահմաններում գտնվող Բելական, Զակատալ եւ Կախ շրջաններ:

Դրա հետեւաքով ադրբեջանցի եւ վրաց երկրպագուների միջեւ վեճ է բռնկվել, սակայն ժամանակին միջամտած ոստիկանությունը կանխել է ծեծկռտուքը, որը, սակայն, շարունակվել է խաղից հետո:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Թբիլիսիում «Չիխուրա»-«Բուրսասպոր» խաղից հետո բացի ֆուտբոլիստներից վիճել են նաեւ վրաց եւ թուրք լրագրողները:

Հուլիսի 24-ին, 11-մետրանոցների իրացումից հետո «Չիխուրա» եւ «Բուրսասպոր» թիմերի ֆուտբոլիստների միջեւ վեճ էր տեղի ունեցել: Միջադեպը սկսել է այն բանից հետո, երբ վրացի ֆուտբոլիստ Տորնիկե Մումլադեն թուրք երկրպագուների տրիբունայի առջեւ մեծամտորեն տոնել է հաղթական գոլը:

Հավելենք, որ մարզադաշտում նկատվել են վրաց նեոնացիստներ, ովքեր եւ կազմակերպել են հակաթուրքական ելույթները: