Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանության գործի Վերաքննիչ բողոքի քննությունն այսօր՝ օգոստոսի 1-ին, անցավ առանց ամբաստանյալի պաշտպանների: Դատարանը, անհիմն համարելով նիստը հետաձգելու վերաբերյալ դատարանին ուղարկված պաշտպանների դիմումները, որոշեց քննությունն ավարտված համարել եւ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:

Ամբաստանյալ Հարություն Սարգսյանի պաշտպաններ Հունան Բաբայանը եւ Լուսինե Սահակյանը գրություն էին ուղարկել դատարան, որ չեն կարողանա մասնակցել դատական նիստին՝ համապատասխանաբար՝ այլ դատական նիստ, եւ առողջական խնդիրներ ունենալու պատճառներով: Դատարանն այս պատճառաբանությունները անհիմն համարեց, փոխարենն առաջարկեց, որ Հարություն Սարգսյանն ինքը դատարանում ներկայացնի իր պաշտպանությունը։ Ամբաստանյալը հրաժարվեց պաշտպանների բացակայությամբ որեւ միջնորդություն ներկայացնել, նա նույնպես խնդրեց դատական նիստը հետաձգել: Դատարանը, այնուամենայնիվ, գործի քննությունն ավարտված համարեց, հեռացավ խորհրդակցական սենյակ:

Նշենք, որ այս դատական նիստին դատարանը պետք է անդրադառնար նաեւ Կարեն Եսայանի սպանության վայր հանդիսացող ավտոմեքենայի զննության արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդության քննարկմանը, որը, սակայն, չարեց:

Նախորդ դատական նիստին, որը հենց նախորդ օրն էր կայացել, պաշտպանները հայտարարել էին, որ ինքնաբացարկ են հայտնում դատավորների կազմին, եւ  առնվազն 2 օր էին խնդրել՝ միջնորդությանը պատրաստվելու համար:

Պաշտպան Լուսինե Սահակյանը նախորդ դատական նիստին նման հայտարարություն արեց այն բանից հետո, երբ դատավորները որոշեցին հետաձգել պաշտպանի՝ Կարեն Եսայանի սպանության վայր հանդիսացող ավտոմեքենայի զննության արձանագրությունը անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդության քննարկումը:

«Հարգելի դատարան, գոյություն ունի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում, որտեղ դատարանը հստակ նշում է, որ պետք է միջնորդությունները քննարկվեն դատաքննության ընթացքում: Եթե մենք չգիտենք՝ Դուք մեքենան անթույլատրելի ապացույց եք ճանաչում, թե ոչ,  ուրեմն չգիտենք՝ մեր ունեցած մյուս միջնորդությունները ներկայացնե՞նք դատարանին, թե՞ ոչ։ Դուք մեզ զրկում եք պաշտպանության իրավունքից, որովհետեւ այլեւս արդյունավետ չի լինի քննությունը: Դրա համար մենք դատավորների կազմին ինքնաբացարկի միջնորդություն ենք ցանկանում ներկայացնել»,-ասաց Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ պաշտպանները ավտոմեքենայի զննության արձանագրությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու միջնորդությունը ներկայացնելիս նշեցին, որ մեքենայի վրա բացակայել են կնիքները, այն հենց դեպքի օրը բաց դռներով կայանված է եղել ոստիկանության բաժնի մոտ, մեքենայի մոտ մարդկանց մուտքը ազատ է եղել, ինչի մասին վկայել են դեպքի օրը լրագրողների արած լուսանկարները: Պաշտպանները նշեցին, որ այդ ամենը հաստատվել է նաեւ առաջին ատյանի դատարանում՝ ապացույցի հետազոտման արդյունքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել է  այն ժամանակ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը, որն ապրիլի 13-ին պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը սպանության համար մեղավոր է ճանաչել եւ 15 տարվա ազատազրկման դատապարտել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդուն՝ Հարություն Սարգսյանին։ Ըստ մեղադրական եզրակացության, նա խանդի հողի վրա է կատարել սպանությունը։ Սարգսյանները պնդում են, որ իրենց որդին անմեղ է, իսկ դատավճիռն` անարդարացի: Նրանք առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։