Իսպանական Վալենսիայի «La Ribera» հիվանդանոցի մասնագետները հիշեցրել են, որ սիեստան առողջ սովորույթ է, սակայն կարիք չկա քնել ավելի քան կես ժամ, քանի որ դա կարող է խանգարել գիշերվա քնին:
Մասնագետները պարզաբանել են, որ քնկոտ վիճակը վրա է հասնում արթնանալուց 8 ժամ անց, ուստի ճաշից հետո մարմինը հանգստի կարիք ունի, նույնիսկ եթե մարդը գիշերը լավ քնել է: Բժիշկները նաեւ նշել են, որ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ սիեստան բարելավում է զգոնությունն ու բարձրացնում է կենտրոնացվածության մակարդակն օրվա երկորդ կեսին:
Այնուամենայնիվ, նրանք նախազգուշացնում են, որ առավել երկար քունը կարող է անդրադառնալ արտադրողականության վրա, հաղորդում է «Noticia»-ն:
Մասնագետները խորհուրդ են տվել քնել 16:00-ից կամ 16:30-ից ոչ ուշ: Որքան ուշ մարդն արթնանա, այնքան շատ ժամանակ կպահանջվի, որպեսզի գիշերը քնի, արդյունքում շրջանը կխախտվի:
Ինչ վերաբերում է երեխաներին, փորձագետները հիշեցնում են, որ մինչեւ վեց տարեկանը սովորական է, երբ ցերեկը քնում են: Այդ տարիքում անհրաժեշտ է ոչ միայն գիշերային, այլ նաեւ ցերեկային քունը: Ավելին, երեխաների մոտ քնի պակասը կարող է դյուրագրգռություն, վատ առաջադիմություն ու զարգացման խնդիրներ առաջացնել:





























