LiveLeaks-ում տեղադրված ծխող ձուկ ցուցադրող տեսանյութը համացանցի օգտատերերի վրդովմունքի եւ բացասական մեկնաբանությունների ալիք է առաջացրել:

Հոլովակում, որը լուրը գրելու պահին շուրջ 100 հազար մարդ է դիտել, ցուցադրված է նավակում պառկած ձուկ՝ ծխախոտը բերանին: Ամեն դեպքում, կայքի այցելուների մի մասը հոլովակը սրամիտ է համարել:

Չի հստակեցվում, թե ով եւ որտեղ է նկարահանել տեսանյութը: Կադրից դուրս մի քանի հոգու ծիծաղ է լսվում: 30 վայրկյան տեւողությամբ հոլովակի վերջում ծխախոտն ընկնում է ձկան բերանից:

Տեսանյութը մեկնաբանողները երկու ճամբարի են բաժանվել. մի մասը կոչ է անում այն որպես կատակ ընդունել, մյուս մասը ցնցված է հոլովակի հեղինակների դաժանությունից:

Lenta.ru-ի փոխանցմամբ, կայքի այցելուներից մեկը կոչ է արել հոլովակի հեղինակներին պատասխանատվության ենթարկել: