Բրիտանացի գիտնականներ Ջենիֆեր Ուոսենը եւ Քերեն Մաքքամը ապացուցել են, որ ձիերը իրենց ցեղակիցների հետ շփվում են ոչ միայն աչքերով, այլ նաեւ ականջներով:
Գիտնականները լուսանկարել են կերով լցված տաշտին զննող ձիերին: Այդ լուսանկարները ցույց են տրվել այլ ձիերի: Լուսանկարներով նրանք պետք է գտնեին այդ կերակրատաշտը: Սակայն մինչ այդ հետազոտողները թաքցրել են աչքերն ու ականջները՝ դրանք ծածկելով սեւ ուղղանկյուններով:
Պարզվել է, որ եթե աչքերն ու ականջները փակ են, ձիերի գնահատելու ունակությունը վատթարանում է: Ձին չի կարողացել նկարով գտնել տաշտը, ընդ որում, մինչեւ խմբագրման ենթարկելը կերի վայրի մասին տեղեկատվությունը հասկանալի է եղել վերջինիս համար:
Այսպիսով, կենսաբանները հաստատել են, որ ձիերը կերի ուղղությունը հասկանալու համար լուսանկարում կողմնորոշվում են ձիու աչքերի արտահայտությամբ եւ ականջների ուղղությամբ:
Այս եզրահանգումը հերքում է ավելի վաղ գոյություն ունեցող պատկերացումն այն մասին, որ աչքերի կողմնային տեղակայմամբ կենդանիները (ինչպես ձիերը) չեն կարող ստուգել զգացմունքների արտահայտությունը՝ ի տարբերություն առաջնակարգերի եւ մարդկանց, որոնց աչքերը տեղակայված են դեմքին:





























