NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «In Homeland Security» կայքի առաջատար լրագրող Ուիլյամ Թաքերի հոդվածը:
Որոշ պատերազմներ սկսվում են նվազագույն կայծից: Մենք հիշեցինք այդ մասին, երբ եվրոպական առաջնորդները հավաքվեցին Բելգիայում՝ ի հիշատակ Առաջին համաշխարհային պատերազմի մեկնարկի: Եվ չնայած ոչ բոլոր կոնֆլիկտներն են հանգեցնում նրան, որ համաշխարհային գերտերություններն արագորեն իրենց զորքերը մարտի են ուղարկում, այդ մեզ հիշեցնում է, որ չլուծված խնդիրներն այդպես թողնելը լավագույն տարբերակը չէ:
Այդ հակամարտությունը եւս մեկ անգամ սրվեց անցած հանգստյան օրերին, երբ հակամարտող կողմերի միջեւ կարճատեւ փոխհրաձգության արդյունքում ադրբեջանական 15 զինվոր սպանվեց: Լեռնային Ղարաբաղը հայտարարեց վերջին 2 օրերին «ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով» 5 զինվորի զոհվելու մասին: Իրավիճակն այնքան անհանգստացրեց Ռուսաստանին՝ ներկայում անկախ այս պետությունների նախկին տիրոջը, որ Մոսկվան հանդես եկավ հանդարտության արտակարգ կոչով: Երբ Մոսկվան հանդես եկավ նման կոչով, Բաքուն եւ Երեւանը միմյանց մեղադրեցին հրադադարի ռեժիմի վերջին խախտման համար: Ցավոք, իրադրությունը չի բարելավվում:
Վերջին մի քանի տարիների ընթացքում Բաքուն բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է ուժով գրավել Լեռնային Ղարաբաղը, սակայն, ամենայն հավանականությամբ, այդ չի անի: Կովկասում եւ ավելի լայն՝ Կասպից եւ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում Բաքվի վերելքը զգալի էր, եւ Ադրբեջանին թերագնահատելը, թերեւս, այս փուլում հիմարություն է:
Տարածաշրջանային հիմնական գերտերությունները, ինչպես ներկայացվում է, ներկայում զբաղված են, եւ հայտնի չէ, արդյո՞ք կկարողանան օգնության հասնել համապատասխան դաշնակիցներին, լինի այդ Հայաստանը կամ Ադրբեջանը: Միաժամանակ, ղարաբաղյան հակամարտությունը ղեկավարվում է 1994 թվականին հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից ի վեր, եւ կողմերից ոչ մեկը չի ցանկանում լարվածության սրացում տեսնել, չնայած հակառակի վերաբերյալ նրանց ռազմատենչ հայտարարությունները, կարծես, հակասում են դրան: Իրական վտանգն այն է, որ տեղական հրամանատարները պետք է անձնական որոշումներ կայացնեն, որոնք կարող են ավելի լայն ռազմական գործողությունների հանգեցնել այն ժամանակ, երբ քաղաքական գործիչներն աշխատում են լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Նման իրավիճակներում ամենափոքր կայծն անգամ կարող է արագորեն ավելի գլոբալ հետեւանքների հանգեցնել:





























