«Ռոսսելխոզնադզորը» պատրաստակամություն է հայտնել թույլատրել Թուրքիայից կաթնամթերքի ներմուծումը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկերտը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Նրա խոսքով՝ թուրքական կաթնամթերքի շուկայի «բացման» աշխատանքը «Ռոսսելխոզնադզորը» դեռ անցած տարի է սկսել: Ծրագրվում է պաշտոնականացնել ձեռքբերված պայմանավորվածությունները եւ սկսել մատակարարումները:

Դանկերտը հավելել է, որ այդ հարցերը կքննարկվեն Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության վերահսկողության եւ պարենի հարցերով գլխավոր տնօրենի պետքարտուղարի տեղակալ Նիհաթ Պաքդիլի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել նաեւ թուրքական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների ընդլայնման հեռանկարները:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էկվադորը պատրաստ է Ռուսաստան ներմուծել կաթնամթերք ու ծովամթերք:

Ռուսաստանի կառավարությունը մեկ տարով արգելել է տավարի մսի, խոզի մսի, պտուղ-բանջարեղենային արտադրանքի, այսինքն՝ բանջարեղենի եւ մրգերի, մսի, թռչնի, ձկան, հումքի, կաթի եւ կաթնամթերքի ներմուծումը Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Կանադայից եւ Նորվեգիայի թագավորությունից: