Ուկրաինայի իրավապահները Կիեւում ձերբակալել են տղամարդուն, ով ինքնաշեն նռնակ է նետել մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Ուկրաինայի տան» հարեւանությամբ: Այս մասին УНН-ին տեղեկացրել են երկրի Ներքին գործերի նախարարությունում:

«Անհայտ անձը սպառնացել է հաստատության տնօրենին եւ նրա ուղղությամբ նռնակ նետել: Պաշտոնյան, արձագանքելով չարագործի մտադրությանը, անմիջապես վնասազերծել է նրան: Միջադեպի ականատեսներն օգնել են ձերբակալել հանցագործին, շտապօգնություն եւ ոստիկանություն են զանգահարել»,- տեղեկացրել է դեպքի վայրում գտնվող Ուկրաինայի Ներքին գործերի փոխնախարար Նիկոլայ Վելիչկովիչը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կիեւի Եվրոպական հրապարակում գտնվող «Ուկրաինայի տան» հարեւանությամբ պայթյուն է որոտացել:

Դեպքի վայր ժամանած բժիշկների տեղեկացմամբ, պայթյունի հետեւանքով առնվազն երկու մարդ է տուժել: