Ավելի քան 10 տարի է պահանջվել, որպեսզի ինդոնեզական Աչեխ նահանգից ցունամիի քշած փոքրիկ աղջիկը միավորվի ծնողների հետ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Jakarta Globe-ին:
2004 թվականի դեկտեմբերին մոլորակի՝ 100 տարվա ընթացքում ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը՝ 9.2 բալ ուժգնությամբ, Սումատրա կղզում ցունամիի պատճառ դարձավ: Սեպտի Ռանգկուտիի ընտանիքը փորձում է ապաստան փնտրել 20 մետր բարձրությամբ ցունամիից: Մայրը՝ Ջամալիան, փախչում է ավագ որդու հետ, իսկ ընտանիքի հայրը՝ երկու փոքրիկ երեխաների, այդ թվում՝ այն ժամանակ 4 տարեկան Ռաուդխաթուլ Ջաննայի:
«Ջուրը մոտենում էր, եւ ամուսինս Ռաուդխաթուլին եւ նրա ավագ եղբորը՝ Արիֆին, նստեցրեց մեծ տախտակի վրա»,- պատմում է մայրը:
Երբ ջուրն իջնում է, ծնողները մեկ ամիս շարունակ ապարդյունք որոնում են երեխաներին, այնուհետեւ փոխադրվում հարեւան Հյուսիսային Սումատրա նահանգ: Իսկ ցունամին երեխաներին քշում է բազմաթիվ կիլոմետրեր հեռու եւ ափ նետում Բանյակ արշիպելագի կղզիներից մեկում: Այնտեղ Ռաուդխաթուլին գտնում է տեղացի ձկնորսներից մեկն ու նրան նոր անուն տալիս՝ Վեննի: Աղջիկն ասում է՝ եղբայրը նույնպես փրկվել է, բայց նրան մեկ ուրիշն է վերցրել:
Աղջիկը մեծանում է իրեն որդեգրած ընտանիքում, Աչեխի ափամերձ գյուղերից մեկում:





























