Ուկրաինա - Հայաստան չվերթների գրաֆիկը չի փոխվել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի կառավարությանը կից քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը: Նրա խոսքով՝ չի փոխվել ոչ աշխարհագրությունը, ոչ թռիչքների հաճախականությունը:
Այժմ Հայաստանում գործում է ուկրաինական երկու ավիաընկերություն. «Միջազգային ուկրաինական ավիաուղիներն» ամեն օր իրականացնում են Կիեւ-Երեւան չվերթը, եւ շաբաթվա մեջ մեկ անգամ Օդեսա-Երեւան: «Դնեպրավիան» շաբաթվա մեջ մեկ անգամ Խարկով-Երեւան եւ Դնեպրոպետրովսկ-Երեւան չվերթներն է իրականացնում: «Կփոխե՞ն արդյոք նրանք իրենց տրանզիտային չվերթները, մենք, բնականաբար, ասել չենք կարող: Սակայն մեզ այդ ընկերությունները դեռ փոփոխությունների վերաբերյալ հայտեր չեն ներկայացրել»,- նշել է Չերչինյանը:
Հիշեցնենք, որ ՌԴ կառավարության նիստում օգոստոսի 7-ին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարեց, որ Ռուսաստանը տրանզիտի համար փակում է երկինքը ուկրաինական չվերթների համար դեպի Վրաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա:
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության ներկայացուցիչ Տիգրան Աչոյանը հայտնել էր, որ ընկերությունն արդեն թռիչքներն իրականացնում է՝ շրջանցելով Ռուսաստանի տարածքը եւ Ուկրաինայի հարավ-արեւելյան շրջանները: Դոնեցկի շրջանում ինքնաթիռի կործանումից հետո չվերթները դեպի Հայաստան իրականացվում են Բուլղարիայի եւ Թուրքիայի օդային տարածքով։





























