Կիեւի կենտրոնում անհրաժեշտ է կարգուկանոն հաստատել: Այս մասին հայտարարել է ուկրաինական մայրաքաղաքի ղեկավար Վլադիմիր Կլիչկոն: ZN.ua-ի փոխանցմամբ, այսօր՝ օգոստոսի 9-ին, Կրեշչատիկում շաբաթօրյակ է հայտարարվել:
Կլիչկոն հայտարարել է, որ մոտական օրերին Կրեշչատիկն ու հարակից փողոցները պատրաստ կլինեն տրանսպորտային երթեւեկության համար:
«Մենք պայմանավորվել ենք Մայդանի հարյուրյակների հետ, որ մոտակա օրերին երթեւեկելի մասի վրանները հեռացվեն: Մեր ելակետային խնդիրը Կիեւի կենտրոնը կարգի բերելն է», - հայտարարել է քաղաքապետը, ուրբաթ՝ օգոստոսի 8-ին «Շուստեր Live»-ի եթերում:
Օգոստոսի 9-ի առավոտյան մի քանի հարյուր կամավորներ Կիեւի կոմունալ ծառայությունների աշխատակիցների հետ Մայդան են եկել: Նրանք քանդում են բարիկադները, դուրս բերում անվադողերը, ապամոնտաժում Կրեշչատիկ եւ Գորոդեցկի փողոցների խաչմերուկում տեղակայված վրանները:
Անկախության հուշարձանի մոտակայում եւ Գլխավոր փոստային բաժանմունքի շուրջ վրանները դեռեւս մնում են:





























