Եգիպտոսի դատարանը «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թեւը՝ Ազատության եւ արդարության կուսակցությունը լուծարելու որոշում է ընդունել:

«Մուսուլման եղբայրներ» շարժումը Եգիպտոսում արգելվել էր 2013թ. սեպտեմբերին, բայց այդ ժամանակ դատարանի վճիռը չէր վերաբերում շարժման քաղաքական կուսակցությանը:

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, նոր որոշումը նշանակում է, որ այժմ շարժման անդամները չեն կարող մասնակցել որեւէ մակարդակի ընտրությունների:

«Մուսուլման եղբայրներ» շարժումը Ազատության եւ արդարության կուսակցությունը ձեւավորել է 2011թ. գարնանը, Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխությունից հետո:

Եգիպտական ներկա իշխանություններն իսլամիստական շարժումը դաժանորեն ճնշել են անցյալ տարի նախագահ Մոհամմեդ Մուրսիի՝ կուսակցության առաջնորդի տապալումից հետո:

Այս կազմակերպության հարյուրավոր անդամներ սպանվել են, հազարավորները՝ ձերբակալվել: