Ուկրաինայում հումանիտար իրադրությունը խորապես անհանգստացնում է Մոսկվային: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Աճող մարդասիրական աղետի տեսանկյունից (Ուկրաինայի արեւելքում տիրող իրավիճակը) խորը անհանգստություն է առաջացնում: Այդ աղետը հիմա քննարկումների թիվ մեկ թեման է»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Պատասխանելով հնարավոր օգնության տրամադրման մասին հարցին՝ նա հիշեցրել է, որ նման հնարավորությունները քննարկվում են տարբեր ձեւաչափով: Միաժամանակ, Պեսկովը չի պատասխանել հարցին, արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է միակողմանի օգնություն տրամադրել: Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի, մեկնաբանելով ամերիկյան իշխանությունների հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի արեւելքին Ռուսաստանի տրամադրած միակողմանի օգնությունը կդիտարկի որպես ներխուժում, Պեսկովն ասել է. «Մենք այն (հայտարարությունը) լսել ենք»:
Ռուսաստանն օգոստոսի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջարկել էր Ուկրաինայի արեւելք ռուսական մարդասիրական օգնությամբ միջազգային առաքելություն ուղարկել՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո: Դրանից հետո Կիեւը հայտարարել էր, որ Ուկրաինայում մարդասիրական ճգնաժամ չկա: Իսկ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը տեղեկացրել էր, որ ԱՄՆ-ն ներխուժում կհամարի մարդասիրական օգնություն տրամադրելու Ռուսաստանի փորձերը:





























