Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսական կայսրության մայրամուտն է: Այս մասին Լվովում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ հավելելով, որ Ուկրաինայում հիմա որոշվում է Եվրոպայի ճակատագիրը:
«Եվրոպայի ճակատագիրն այժմ որոշվում է Ուկրաինայում, եւ ես կարծում եմ, որ եվրոպացիները նույնպես հասկացել են այդ: Ուկրաինան իր արյամբ ու կյանքով փրկում է եվրոպական քաղաքակրթությունը 21-րդ դարի բարբարոսներից»,- ասել է նա:
Վրաստանի նախկին նախագահի խոսքով՝ այն, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, վրացիներին շատ ծանոթ է: «Բայց նաեւ նորություն կա, քանի որ այն, ինչ այժմ տեղի է ունենում Ուկրաինայում, Ռուսական կայսրության մայրամուտն է: Դրա սկիզբը դրվել է Մայդանում եւ կավարտվի նրանով, որ Ուկրաինան վերջնականապես կհաղթի»,- ընդգծել է Սահակաշվիլին:
Սահակաշվիլին կարծում է, որ հենց «ռուսական ագրեսիան» օգնեց ուկրաինացիներին վերջնականապես գիտակցել իրենց միասնական ու եվրոպական աշխարհի մաս լինելը. «Պետք չէ վախենալ ապագայից: Կարծում եմ՝ այն ամենը, ինչ հիմա տեղի է ունենում ձեր երկրում, կմնա անցյալում՝ որպես վատ երազ: Ռուսաստանն Ուկրաինային օգնեց նրանով, որ համախմբեց ուկրաինացիներին. շատ շրջաններ իրենց իսկական ուկրաինացի զգացին»:





























