Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն եւ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը ստորագրել են Պաղեստինի աջակցության մանիֆեստը:
Կուբայի «Գրանմա» թերթը գրում է, որ «Ի պաշտպանություն մարդկության ցանց» կազմակերպության կազմած փաստաթուղթն աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում Իսրայելից պահանջել՝ կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումները եւ դուրս բերել զորքերը Գազայի հատվածից, Հորդանան գետի Արեւմտյան ափից եւ Արեւելյան Երուսաղեմից: Այս մասին գրում է «Ռոսբալտ»-ը:
Փաստաթուղթը նաեւ դատապարտում է ԱՄՆ-ի գործողությունները եւ Վաշինգտոնին մեղադրում Անվտանգության խորհրդի «անգործության» ֆոնին Իսրայելի ագրեսիվ նկրտումները խթանելու համար:
Այս փաստաթուղթը ստորագրել են նաեւ խաղաղության Նոբելյան մրցանակակիր Ադոլֆո Պերես Էսքիվելը, գրող Էդուարդո Գալեանոն, կուբացի երաժիշտ Սիլվիո Ռոդրիգեսը, բալետի հայտնի արտիստուհի եւ Կուբայի Ազգային բալետի հիմնադիր Ալիսիա Ալոնսոն, գրող եւ բանաստեղծ Ռոբերտո Ֆերնանդես Ռետամարը:





























