Իսրայելական կառավարության ղեկավար Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է պատվիրակությունը վերադարձնել Կահիրե Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին՝ առանց պաղեստինյան գրոհայինների հրաձգության դադարեցման:

«Իսրայելը կրակի ներքո բանակցություններ չի վարելու»,- ասել է Նեթանյահուն՝ հանդես գալով կառավարության նիստում, հաղորդում է «Ռոսբալտը»:

Նեթանյահուն հավելել է, որ ռազմական գործողությունը «կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա նպատակը՝ երկարատեւ խաղաղության վերականգնումը, չի հաստատվել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ պաղեստինյան պատվիրակությունը, որը Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին էր ժամանել, հայտարարել է, որ օգոստոսի 10-ին կլքի Եգիպտոսի մայրաքաղաքը, եթե Իսրայելը պատրաստականություն չցուցաբերի վերականգնել երկկողմանի խաղաղության քննարկումը գոյություն ունեցող պայմաններում:

Բանակցությունների ընթացքում նախկինում հայտարարել էր եռօրյա հաշտության մասին, եւ Իսրայելը պատրաստականություն էր հայտնել եւս երեք օրով երկարացնել այն: Սակայն պաղեստինյան գրոհայինները հայտարարել էին, որ Կահիրեում բանակցություններն առաջ չեն ընթանում, վերականգնվել են հրթիռային հարձակումները: Ի պատասխան իսրայելական իշխանությունները լքել են բանակցությունները: