Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը գտնելու համար համբերատարություն է հարկավոր:

«Մենք պետք է համբերատարություն, իմաստություն, միմյանց հանդեպ հարգանք դրսեւորենք, որպեսզի գտնենք այդ լուծումը»,- այս մասին նա հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ:

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ռուսաստանցի առաջնորդը դրական է արձագանքել խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին երկու նախագահների խոսքերին:

«Իրականում այդ ամենակարեւորն է, քանի որ չկա ավելի մեծ ողբերգություն, քան մարդկանց զոհվելը»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը: Նա հիշեցրել է, որ հակամարտությունը վաղուց է սկիզբ առել՝ որպես Խորհրդային Միության ժառանգություն:

«Անկասկած, ցանկացած խրթին իրավիճակ հնարավոր է լուծել, եթե կա բարի կամք. այդպիսի բարի կամք հայ ժողովրդի կողմից, ադրբեջանցի ժողովրդի կողմից կա»,- փաստել է Պուտինը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներն օգոստոսի 9-ին երկկողմ բանակցություններից հետո երեկոյան հանդիպել են ոչ պաշտոնական մթնոլորտում: Պուտինը նշել է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը չի քննարկվել:

«Երեկոյան (շաբաթ) նաեւ շփվեցինք ոչ պաշտոնական մթնոլորտում, իհարկե, փառք Աստծո, երեկ երեկոյան չխոսեցինք գործնական բնույթի հարցերից, բայց, ամեն դեպքում, հնարավորություն կար միմյանց հետ տարբեր թեմաների շուրջ զրուցելու»,- նախագահների եռակողմ հանդիպումը բացելիս հայտարարել է Պուտինը: