Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները ղարաբաղյան հակամարտությունը համարում են ձգձգված, հանդես են գալիս դրա շուտափույթ լուծման օգտին եւ Ռուսաստանի ցուցաբերած օգնության հույս ունեն:

Ինչպես արդեն հաղորդել էինք, օգոստոսի 10-ին ռուսական Սոչի քաղաքում անցկացվում է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:

«Այս հարցը լուծում է պահանջում, այն երկար ձգձգվեց, հուսով եմ՝ ձեր անձնական մասնակցությունն այս գործընթացին նոր խթան կհանդիսանա բանակցային գործընթացի համար: Ինչպես դուք նշեցիք, արդեն գոյություն ունեն բանակցությունների ձեւաչափ, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման իրավական հիմք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չորս բանաձեւ է ընդունել, որոնք պահանջում են հայկական զինված ուժերի անհապաղ եւ անվերապահ դուրսբերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից: Ցավոք, ավելի քան 20 տարի է անցել, իսկ այդ բանաձեւերն այդպես էլ թղթի վրա են մնացել… Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, որպես մեր մերձավոր ընկեր, գործընկեր եւ հարեւան, առանձնահատուկ դեր ունի կարգավորման գործընթացում: Հույս ունենք, որ առաջիկայում բանակցությունների ճանապարհով, խաղաղ ճանապարհով լուծում կգտնենք, որը կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ կհամապատասխանի արդարությանը»,- դիմելով Վլադիմիր Պուտինին՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

«Մենք կարծում ենք, որ իրականում հակամարտությունը կարելի է լուծել, հարկավոր է այն լուծել փոխզիջումային տարբերակով, այն սկզբունքները հիման վրա, որոնք մեզ առաջարկել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,- իր հերթին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ադրբեջանական կողմն անընդհատ վկայակոչում է ՄԱԿ-ի չորս բանաձեւերը, բայց այսպիսի հարց պարոն Ալիեւին. իսկ այդ բանաձեւերի ո՞ր կետն է կատարել Ադրբեջանը: Այդ բանաձեւերի կետերի միակ կատարողը Հայաստանն է, որն իր ազդեցությունը գործադրել է՝ մարտական գործողությունները դադարեցնելու համար: Եվ եթե մենք վերադառնանք 1990-ական թվականների սկզբի իրադարձություններին, ապա կարծում եմ, որ մի կողմից լավ կլինի, իսկ մյուս կողմից, հնարավոր է, ինչ-որ բան նաեւ կձգձգվի… Եթե մենք նորից սկսենք մեղադրել միմյանց, կարծում եմ՝ դեռ երկար ժամանակ այդ հակամարտությունը չի լուծվի»,- հավելել է Սարգսյանը:

«Ես շնորհակալ եմ, որ դուք տրամադրված եք լուծել այդ խնդիրը: Այդ խնդրի լուծումը բխում է Հայաստանի ազգային շահերից»,- դիմելով Պուտինին՝ ասել է Սարգսյանը: