Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Ղարաբաղյան հակամարտության հարցում միջազգային ձեւաչափերին, հետագայում էլ մասնակցելու է դրանց, բայց ծրագրում է օգտագործել նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ իրավիճակը կարգավորելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Անկասկած, մենք հարգանքով ենք վերաբերվում միջազգային այդ բոլոր ձեւաչափերին եւ շարունակելու ենք աշխատել մեր գործընկերների հետ: Բայց ելնում ենք այն հանգամանքից, որ մենք, ամեն դեպքում, առանձնահատուկ մտերիմ հարաբերություններ ունենք եւ նախապատմությունն այնքան խորն է, որ մեզ թույլ է տալիս անկեղծորեն կարծիքներ փոխանակել այն մասին, թե որտեղ ենք գտնվում եւ ինչ է հարկավոր անել՝ անցյալից մեզ բաժին հասած այդ բոլոր խնդիրները կարգավորելու համար»,- Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Վլադիմիր Պուտինը:





























