Թուրքիայում Ստամբուլ եւ Անկարա տանող մայրուղիները խցանված են հազարավոր մեքենաների եւ ավտոբուսների պատճառով, որոնց միջոցով քաղաքներ են վերադառնում նախագահական ընտրություններին քվեարկել ցանկացողները: Մինչեւ 10 կմ երկարությամբ խցանումները գոյացել են Ստամբուլ տանող ճանապարհների վրա, Աֆյոն քաղաքի մոտակայքում՝ Անթալիա-Անկարա մայրուղու վրա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Օրենքի համաձայն՝ Թուրքիայի քաղաքացիները կարող են քվեարկել միայն մշտական բնակության վայրում, սակայն այժմ երկրում շարունակվում է հանգստի սեզոնը, շատերը մեկնել են հանգստի: Նրանց մի մասը չի ընդհատել իր հանգիստը, սակայն հազարավոր քաղաքացիներ որոշել են մեկ օրով լքել լողափներն ու օգտվել իրենց քաղաքացիական իրավունքից:

Ընտրողները մինչեւ 17:00-ն ժամանակ ունեն, սակայն ճանապարհներին տիրող իրավիճակի պատճառով շատերը պարզապես չեն հասցնի: