Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանին դիմել է համաշխարհային հանրությանը՝ խնդրելով զենք տրամադրել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների դեմ պայքարի համար:

«Մենք պայքարում ենք ոչ թե ահաբեկչական կազմակերպության, այլ ահաբեկչական պետության դեմ»,- հայտարարել է Բարզանին Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, ով Իրաքի Քուրդիստանի ինքնավար շրջանի մայրաքաղաք էրբիլ է ժամանել՝ երկրի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու հարցը քննարկելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսլամիստ գրոհայիններն Իրաքում նվազագույնը 500 քուրդ եզդի են սպանել: Ապացույցներ կան, որ գրոհայինները ողջ-ողջ թաղել են կանանց ու երեխաների: «Reuters» գործակալության տվյալներով, Իրաքի իշխանությունները հայտնաբերել են զանգվածաբար թաղված զոհերին: Գրոհայինները 300 կնոջ գերի են վերցրել, որոնց օգտագործում են որպես ստրկուհի: