Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը Սոչիում կայացած հանդիպումից հետո պատրաստամություն են հայտնել շարունակել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ երկխոսությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:

«Հանդիպումն օգտակար էր: Նախագահները կրկին հաստատեցին հավատարմությունը սկզբունքներին, որոնք շարադրված են համանախագահ երկրների բարձր մակարդակով՝ նախագահների մակարդակով, եւ այդ սկզբունքներն անհրաժեշտ են համարում լուծումներ գտնել բացառապես խաղաղ ճանապարհով՝ հարգելով տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը»,- Լավրովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախագահները պատրաստակամություն հայտնեցին շարունակել երկխոսությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության մակարդակով, եւ Ռուսաստանի Դաշնությունը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, ամեն կերպ աջակցելու է դրան»,- հավելել է ռուսական դիվանագիտության ղեկավարը:

Լավրովի խոսքով, նախագահների մակարդակով բանակցությունների ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ-ի եւ շփման խմբի որոշումների կատարման անհրաժեշտությունը:

«Նախագահներն արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են շարունակել այդ աշխատանքը՝ հակամարտության կարգավորման դեռեւս չհամաձայնեցված գործնական ասպեկտների ուղղությամբ աշխատանքին զուգահեռ»,- ասել է նա:

Նախարարն ընդգծել է, որ այդպիսի պահերն այնքան էլ շատ չեն, պայմանավորվածությունների գերակշիռ մասն արդեն հասկանալի է, սակայն կան որոշ «հստակ խնդիրներ, որոնց ուղղությամբ դեռ պետք է աշխատել»: «Ամենաբարդ հարցերը դեռեւս լուծված չեն»,- հավելել է Լավրովը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն ու դրա կարգավորման գործընթացը չեն խոչընդոտի Հայաստանին Մաքսային միությանն անդամակցելու հարցում: