Թուրքիայում նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով Դերսիմում եւ արեւելյան նահանգներում նախագահի թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջախջախիչ պարտություն է կրում:

Թուրքիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով հարավ-արեւելյան Հաքքարի նահանգում բացարձակ առաջատարն է Սելահաթին Դեմիրթաշը՝ 80 տոկոս հավաքած ձայների քանակով: Դեմիրթաշը հետաքրքիր ռեկորդ է սահմանել Հաքքարի նահանգի Յուքսեքօվայի շրջանում՝ 92 տոկոս, իսկ նույն տեղում Էրդողանին իրենց ձայնը տվել են ընտրողների ընդամենը 6 տոկոսը:

Շրնաք նահանգում եւ մյուս արեւելյան նահանգներում անվիճելի առաջատարն է Սելահաթին Դեմիրթաշը:

Թուրքիայի կենտրոնում գտնվող Թունջելի (Դերսիմ) նահանգում, որտեղ հիմնականում բնակվում են ալեւիներ, զազաներ եւ քրդեր, Էրդողանին հաջողվել է հավաքել հազիվ 15 տոկոս, իսկ որոշ շրջաններում Էրդողանին տված ձայները մինչեւ 2 տոկոս են: Այս նահանգում եւս առաջատարը Սելահաթին Դեմիրթաշն է:

Իսկ Թուրքիայի ընֆհանուր տարածքում Էրդողանն անվիճելի առաջատար է՝ 53 տոկոս ձայներով, որին հետեւում է Էքմելեդին Իհսանօղլուն՝ 37 եւ քուրդ թեկնածու Դեմիրթաշը՝ 9 տոկոս ձայներով: Այս թվերը վերցված են բացված 93 տոկոս քվեատուփերի արդյունքներից:

Նշենք, որ Թուրքիայում առաջին անգամ ժողովուրդը նախագահ է ընտրում: Նախկինում նախագահին ընտրում էր խորհրդարանը՝ պատգամավորների թվից: