Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե Բաքուն նույնպես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է, հույս է ներշնչում, որ բանակցային գործընթացը կշարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, համանախագահ երկրների առաջարկած իրավական հիմքերով, որոնք Ադրբեջանը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Պատգամավորի խոսքով, Ադրբեջանի նախագահը շարունակում է խոսել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի մասին, որոնք կառուցողական մթնոլորտ չեն ստեղծում բանակցային գործընթացի համար, եւ դրանք ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկման առարկա չեն: Բայց մյուս կողմից, ըստ Արտակ Զաքարյանի, ադրբեջանական առաջնորդի հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը կողմնակից է հակամարտության խաղաղ ճանապարհով լուծմանը, ամեն դեպքում, հույս է ներշնչում, որ բանակցությունները կշարունակվեն Միսնկի խմբի ձեւաչափով:
«Հանդիպման ընթացքում հատուկ ընդգծվեց ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը եւ այն, որ դրա համար վստահության մթնոլորտ է անհրաժեշտ: Ռուսաստանի նախագահը նույնպես ընդգծեց, որ կարեւոր է, որպեսզի Ադրբեջանում գիտակցեն վստահության մթնոլորտի եւ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման կարեւորությունը: Իմ ընկալմամբ, Ռուսաստանի նախագահն ընդգծեց նաեւ, որ առաջին հերթին հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը պետք է գիտակցեն Ադրբեջանում: Մասնավորապես, Վլադիմիր Պուտինն ընդգծեց այն հանգամանքի կարեւորությունը, որ Ալիեւի խոսքում հնչեց խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին: Այդ նշանակում է, որ Ռուսաստանում ուղղակի եւ անուղղակի ընդունում են, որ Ադրբեջանն է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ձախողման նախաձեռնողը»,- հավելեց Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Սոչիում օգոստոսի 10-ին կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը: Քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ինչպես նաեւ հարցեր, որոնք կապված են ադրբեջանական կողմի սադրանքների արդյունքում հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի հետ:





























