Լեհաստանի իշխանությունները ծրագրում են նոր ջրանցք կառուցել, որը Կալինինգրադի նեղուցի լեհական հատվածը կկապի Բալթիկ ծովի հետ:

«Մենք պետք է արձագանքենք աշխարհաքաղաքական իրավիճակին: Ուկրաինական ճգնաժամը ցույց տվեց, որ մենք պետք է ավելի շատ մեզ վրա հույս դնենք, որպեսզի կախված չլինենք մեր հարեւաններից»,- հայտարարել է Լեհաստանի պատգամավոր, ենթակառուցվածքների հարցերի խորհրդարանական խմբակցության անդամ Ստանիսլավ Լամչուկը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով լեհական լրատվամիջոցներին:

Նախնական հաշվարկներով, շինարարությունն ավելի քան 280 մլն դոլար կարժենա: Գործակալության փոխանցմամբ, նախատեսվում է ջրանցքը կառուցել 6 տարվա ընթացքում:

Ներկայում լեհական Էլբլոնգ նավամատույցից դեպի Բալթիկ ծով ուղեւորվող նավերն անցնում են ռուսական ջրերով: Լեհաստանի եւ Ռուսաստանի միջեւ նավիգացիոն իրավունքի մասին հնգամյա պայմանագիր է ստորագրվել, որն ավարտվում է այս տարի: The Telegraph-ի կարծիքով, Բալթիկ ծովում ջրանցքի կառուցման ծրագրերը կարող են կապված լինել լեհերի մտավախության հետ, որ Ռուսաստանը չի երկարացնի պայմանագիրը: