Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է մարդասիրական առաքելության պատրվակով Ուկրաինայում ռազմական գործողություններից զերծ մնալու մասին: Եվրահանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ այս մասին օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցում Բարոզուն անձամբ է հայտարարել ռուսական առաջնորդին:

Ըստ Liga.net-ի, Բարոզուն մտահոգություն է հայտնել Ուկրաինայի սահմանին ռուսական զորքերի մոտեցման, ինչպես նաեւ Ռուսաստանի տարածքից զենքի, զինտեխնիկայի եւ զինյալների մատակարարման առիթով: Նրա համոզմամբ, դա խոչընդոտում է ճգնաժամի թուլացման ջանքերին:

«Բարոզուն նախազգուշացրել է (Ռուսաստանին - խմբ.) Ուկրաինայում միակողմանի ռազմական գործողությունների մասին՝ ցանկացած պատրվակով, այդ թվում՝ մարդասիրական: Բարոզուն նաեւ Ռուսաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը, որպեսզի քաղաքացիական բնակչությունը կարողանա հանգիստ եւ ազատորեն դուրս գալ հակամարտության գոտուց, որոնք վերահսկում են ապօրինի զինված կազմավորումները»,- ասված է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Եվրոպացի պաշտոնյան նաեւ ընդգծել է Եվրամիության հստակ դիրքորոշումն Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անկախության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը որոշել է Ուկրաինա «մարդասիրական շարասյուն» ուղարկել: