ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ օգոստոսի 11-ին կայացած հեռախոսազրույցում աջակցություն է հայտնել վերջինի գործողություններին, մասնավորապես՝ Լուգանսկում միջազգային մարդասիրական առաքելության իրականացման նախաձեռնությանը: Այս մասին հայտարարել է ուկրաինական նախագահի մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Ըստ «Ունիան»-ի, Ցեգոլկոն ասել է, որ ԱՄՆ նախագահն աջակցություն է հայտնել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Եվրամիության, Ռուսաստանի, Գերմանիայի եւ այլ գործընկերների մասնակցությամբ մարդասիրական առաքելության առիթով: «Բարաք Օբաման հաստատել է առաքելությանը մասնակցելու ԱՄՆ մտադրությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում սատարել էր մարդասիրական առաքելության վերաբերյալ Ուկրաինայի նախագահի նախաձեռնությունը: