Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օգոստոսի 11-ին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոչ է արել Իրաքում ազգային միասնության կառավարություն ստեղծել: Այս մասին ասված է Ելիսեյան պալատի հաղորդագրությունում:

Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, ֆրանսիական կողմի հայտարարության համաձայն՝ Ֆրանսիայի եւ Թուրքիայի ղեկավարներն ընդգծել են հնարավորինս արագ Իրաքում քաղաքականների այնպիսի պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք թույլ կտան պայքարել «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ:

«Այդ առնչությամբ Էրդողանն ու Օլանդը ցանկանություն են հայտնել, որպեսզի Իրաքի նորանշանակ վարչապետ Հայդեր ալ-Աբադին հրատապ կերպով ազգային միասնության կառավարություն ձեւավորի»,- ասված է Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրիայում պատերազմող սուննիների «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակումներ են գործել Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա ու բազմաթիվ քաղաքներ գրավել, այդ թվում՝ Մոսուլը: