Պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ բողոքի ակցիային մասնակցելուց հետո փետրվարի 14-ին «Մետրոպոլիտենի»՝ աշխատանքից հեռացված երեք աշխատակիցները դեռ աշխատանք չունեն: Այս մասին NEWS.am-ին ասաց նրանց փաստաբան Քրիստինա Գեւորգյանը:

«Օգոստոսի 26-ին 3-րդ դատական նիստն է լինելու, դատաքննության փուլն է սկսվում: Դատերն այսպիսի մեծ ընդմիջումներով են լինում, որովհետեւ ծանրաբեռնված դատարան է, իսկ հուլիսին էլ արձակուրդի մեջ էր դատավորը»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ աշխատակիցները հույս ունեն շահել դատն ու վերականգնվել, քանի որ մինչեւ այսօր աշխատանք չունեն:

Նշենք, որ մարտին աշխատանքից ազատված 3 աշխատակիցները դիմել են դատարան՝ պահանջելով «Մետրոպոլիտենից» վերականգնել իրենց աշխատանքը եւ փոխհատուցել այս ամիսների դիմաց:

Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 11-ին «Դեմ եմ»-ի ակցիան մասնակցելուց երկու օր «Մետրոպոլիտենի» ղեկավարությունը անվստահություն է հայտնել նրանց աշխատանքի վերաբերյալ և գործից ազատել: Հայցվոր կողմը պնդում է, որ 15 տարվա աշխատանքային փորձի ընթացքում անգամ մեկ գրավոր զգուշացում չեն ստացել թերի աշխատանքի վերաբերյալ: Մինչդեռ նախորդ նիստին՝ մայիսի 31-ին, «Մետրոպոլիտենի» ներկայացուցիչ Սամվել Մնացականյանը հայտնեց, որ 3 աշխատակիցներն էլ դեռ հունվարի կեսերից սկսած  սկսել են թերացումներ անել, եւ բանավոր կերպով այդ երեք աշխատակիցները զգուշացվել են՝ նշելով, որ նրանք այդ թերացումներով վտանգել են ուղեւորների կյանքը։