Տնտեսության մեջ ստվերի դեմ պայքարի միջոցառումների ակտիվացմանը զուգահեռ Ֆինանսների նախարարությունը խստորեն հետեւում է նաեւ իր աշխատակիցների կողմից օրենքի տառի պահպանմանը՝ անվերապահորեն արձագանքելով խախտման յուրաքանչյուր փաստի:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության ձեռնարկած միջոցառումների արդյունքում, «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 39-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաեւ «Հարկային ծառայողի վարքագծի կանոններ»-ը խախտելու համար, աշխատանքից ազատվել է Շենգավիթի հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Արման Գեւորգյանը: Հարկային տեսուչի գործողություններն առնչվել են պետական մարմնի աշխատանքների վարկաբեկմանը, հարկային ծառայողի անաչառությանը, հասարակության մեջ հարկային ծառայության նկատմամբ համապատասխան վերաբերմունքի ձեւավորմանը:

Ֆինանսների նախարարությունը հիշեցնում է՝ բարեփոխումների գործընթացին  խոչընդոտող աշխատակիցներից ձերբազատվելուն ուղղված քայլերը հետեւողականորեն շարունակվելու են, քանի որ բարեփոխումների արդյունավետությունը մեծապես պայմանավորված է ժամանակակից չափանիշներին համապատասխանող կադրերի գործունեությամբ: