Իրաքի վարչապետ նշանակված Հայդար ալ Աբադին սկսել է նոր կառավարության ձեւավորման հարցով խորհրդակցությունները խորհրդարանական խմբակցությունների հետ, հայտնել է Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը:
Խորհրդակցությունները կտեւեն մեկ ամիս: Միեւնույն ժամանակ ալ Աբադին հատուկ հայտարարությամբ կոչ է արել քաղաքական բոլոր ուժերին «որոնք հարգանքով են վերաբերվում Սահմանադրությանը եւ ժողովրդավարական սկզբունքներին, միավորել իրենց ջանքերը ընդդեմ մարտահրավերների, որոնց բախվում է Իրաքը»: Նա նաեւ հաստատել է, որ պատրաստ է քաղաքական ուժերի հետ քննարկել «ոչ միայն նոր կառավարության ձեւավորումը, այլեւ ընդհանուր պատկերը՝ Իրաքի սահմանադրական, քաղաքական եւ տնտեսական խնդիրները հաղթահարելու համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը երկուշաբթի «Ազգային դաշինք» շիական խոշոր խորհրդարանական միավորման պատգամավոր Հայդեր ալ Աբադիին պաշտոնապես հանձնարարել էր կառավարություն ձեւավորել: Սակայն գործող վարչապետ Նուրի ալ Մալիքին համաձայն չէ այդ նշանակմանը եւ հայտարարել է, որ այն կվիճարկի դատարանում:





























