ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է ընդլայնվի. Եվրոպական միությունն ու Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է այդ խմբի մասնակիցներ լինեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավոր, Եվրոպական ազատ միության (European Free Alliance)  անդամ Ինյակի Իրասաբալբեյտիա Ֆերնանդեսը:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին դիվերսիոն գործողություններին ու սահմանամերձ հայկական գյուղերի գնդակոծությանը՝ եվրոպացի պատգամավորը նշեց, որ իրավիճակը հարկավոր է վերլուծել՝ ելնելով Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակի տեսակետից: «Ձգտել արտաքին «թշնամի» գտնել, երբ հարկավոր է շեղել հասարակության ուշադրությունը, բավական տարածված ռազմավարություն է: Կարծում եմ՝ Ադրբեջանի ղեկավարությունն այդպես է վարվում, որպեսզի շեղի ադրբեջանական հասարակության ուշադրությունը սեփական խնդիրներից, իրական ժողովրդավարության պակասից»,- ընդգծեց Ինյակի Իրասաբալբեյտիա Ֆերնանդեսը:

Ինչ վերաբերում է հիմնախնդրի կարգավորման վրա միջազգային հանրության ազդեցությանը, պատգամավորն արձանագրեց, որ միջազգային խաղացողները հիմնարար դեր են կատարում հակամարտությունների կարգավորման գործում ամբողջ աշխարհում, առավել եւս՝ նման «սառեցված» հիմնախնդրի դեպքում, ինչպիսին ղարաբաղյանն է: «Մինսկի խումբը պետք է գործի հիմնախնդրի ժողովրդավարական կարգավորման առավել մեծ հակվածությամբ»,- ընդգծեց եվրոպացի պատգամավորը: