Եվրամիությանը անդամակցող երկրներին թույլատրվել է ԻԼԻՊ ծայրահեղական կազմակերպության զինյալներից պաշտպանվող Իրաքի քրդերին սպառազինություն մատակարարել, հաղորդում է DW-ը:
ԵՄ երկրների դեսպանների արտակարգ նիստն անցել է օգոստոսի 12-ին, Բրյուսելում: Թեժ վեճերի արդյունքում որոշում է ընդունվել թույլ տալ որոշ երկրների զինել իրաքյան քրդերին: Այդ նախաձեռնության գլխավոր կողմնակիցներն էին Ֆրանսիան, Իտալիան, Չեխիան եւ Գերմանիան:
ԳՖՀ-ի ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ երկիրը պատրաստվում է Իրաք ուղարկել սաղավատներ, զրահաբաճկոններ, զրահավորված մեքենաներ եւ գիշերային լուսավորման սարքեր: Ընդ որում, գերմանացի պետպաշտոնյան ընդգծել է, որ Գերմանիան չի բացառում նաեւ զենքի մատակարարումները:
Այդուհանդերձ, հանդիպման մասնակիցներին չի հաջողվել տվյալ հարցի շուրջ միասնական դիրքորոշման հասնել: Որոշ երկրներ կտրականապես դեմ են զենքի մատակարարմանը:
Ավելի վաղ, Իրաքին սպառազինություն է մատակարարել նաեւ Վաշինգթոնը: ԱՄՆ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գործում են Ւրաքի հյուսիսում լայնածավալ տարածքներ զավթած «Իսլամական պետության» զինյալների դեմ պայքարող երկրի ազգային փոքրամասնության՝ քրդերին օգնելու շրջանակներում:
Միացյալ Նահանգները օդուժի օգնությամբ իսլամիստների կողմից արգելափակված Սինջարի շրջան նաեւ հումանիտար օգնություն են իջեցնում: Օգոստոսի 13-ին իջեցված օգնությունը թվով 6-րդն է:





























