Սումգայիթցի ամուսնական զույգը՝ 39-ամյա Էլչին Ալիմուրադօղլուն եւ նրա 32-ամյա կին Ժալյա Սալախովան ինքնահրկիզվել են Ալիեւի նստավայրի առաջ: Նրանք իրենց բողոքն էին հայտնում իրենց տան քանդման կապակցությամբ՝ չնայած Սումգայիթի դատարանի արգելքին:
Ամուսինները վրաները բենզին են լցրել եւ կրակ տվել՝ չնայած այդ շրջանում իրականացվող ուժեղացված հսկողությանը: Կատարվածից անմիջապես հետո թիկնազորի աշխատակիցները հանգցրել են կրակը, սակայն ամուսինները լուրջ այրվածքներ են ստացել եւ տեղափոխվել են թիվ 5 հիվանդանոցի այրվածքաբանական կենտրոն: Դեպքի վայրը շղթայված է, լրագրողների մուտքն այնտեղ չի թույլատրվում:
Turan-ին Բաքվի շտապօգնության կայանից հայտնել են, որ կինը իրանի եւ ոտքերի հատվածում այրվածքներ ունի, տղամարդը՝ մեջքի 2-3 աստիճանի այրվածքներ: Երկուսի վիճակն էլ ծանր է գնահատվում:
Հիշեցնենք, նման քայլի նախորդ տարի դիմել էր նաեւ Արցախյան պատերազմի վետերան Զաուր Հասանովը, որը բողոքում էր Բաքվի ծայրամասի իր առեւտրի կետը քանդելու դեմ: Այրվածքների արդյունքում նա մի քանի օր անց մահացել էր հիվանդանոցում: Դրանից հետո իշխանությունները նրա ընտանիքին 100 հազար մանաթ էին տրամադրել:





























