Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան, որը նախնական կալանքի տակ է, կոչ է արել ռուսական զորքերի հարձակման դեպքում պաշտպանել  Ուկկրաինային: Նա քաղաքացիներին նման կոչ է ուղղել Facebook-ով:

«Միայն վրացի սպաները եւ զինվորները բավական չեն, անհրաժեշտ է հավաքագրել ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներին՝ Ուկրաինայում պուտինյան Ռուսաստանին լրացուցիչ եւ ուժեղ դիմադրություն ցուցաբերելու համար», - հայտարարությունն է մեջբերում «Նովոստի Գռուզիա» թերթը:

Ըստ նախկին նախարարի՝ արդեն այսօր պետք է սկսել կազմակերպչական հարցերի լուծումը, մասնավորապես՝ վրացիների ցուցակներ կազմել, որոնք պատրաստ են Ուկրաինայի մեկնել:

Ախալայան հեռախոսահամար է հրապարակել, որով կարելի է կամավոր գրանցվել: Պարզվել է, որ դա ոչ կառավարական  «Ազատության եւ աջակցության կենտրոն» կազմակերպության հեռախոսահամարն է:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ նախկին նախարար Բաչո Ախալայան ձերբակալվել էր 2012 թ. վերջին: Ավելի ուշ նրան մեղադրանք էր ներկայացվել  կտտանքների եւ 2006 թ. բանտային խռովությունը հրահրելու համար: Բանտային խռովության գործով դատարանը Ախալայային դատապարտել է 3 տարի եւ 9 ամիս ազատազրկման: