Իտալիայի ԱԳՆ-ը հաստատել է Գազայի հատվածում իտալացի լրագրող Սիմոնե Կամիլի մահվան փաստը, ասվում է իտալական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
«Հերթական անգամ լրագրողն իր կյանքով վճարեց պատերազմի համար, որն արդեն երկար ժամանակ է շարունակվում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում մենք արդեն երկրորդ անգամ ենք սգում մեր թղթակիցների մահը», - հայտարարել է Իտալիայի արտգործնախարար Ֆեդերիկ Մոգերինին:
Իտալացի լուսանկարիչը զոհվել է օգոստոսի 13-ին, Գազայի հատվածում, տեղական սակրավորների աշխատանքը նկարահանելիս, որոնց ձեռքին վնասազերծված ական է պայթել: Բացի իտալացուց, պայթյունի հետեւանքով նաեւ 4 պաղեստինցի է զոհվել: Միջադեպը տեղի է ունեցել Հան-Յունիս քաղաքի ծայրամասում, որտեղ վերջերս իսրայելական բանակի եւ պաղեստինյան զիինյալների միջեւ դաժան բախումներ են տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողությունը 2 հազար մարդու կյանք է խլել: Այժմ ռազմական գործողությունները ընդմիջվել են եռօրյա հրադադարով, որը կավարտվի հինգշաբթի գիշերը: Կողմերը շարունակում են բանակցությունները Կահիրեում՝ փորձելով եգիպտացի միջնորդների միջոցով ավելի երկարաժամկետ հրադադարի պայմաններ համաձայնեցնել:





























