Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպի օրը Շանթ Հարությունյանը դուրս չէր եկել հեղափոխության, նա միայն փորձել է ակտիվացնել ժողովրդին եւ նախապատրաստել նրանց դեկտեմբերի 2-ի համար, երբ Հայաստան էր ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում  Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին իր ցուցմունքում ասաց քաղբանտարկյալը։

«Ես նախատեսել էի՝ դեկտեմբերի 2-ին գնանք, բենզինով շշերով հարձակվենք նախագահականի վրա։ Եթե մենակ գնայի, երկու ձեռք ունեմ, երկու շիշ բենզին էի ներս գցելու, 20 ձեռ ունենայի՝ 20 շիշ բենզին էի գցելու։ Իսկ նոյեմբերի 5-ին ես չէի գնում Բաղրամյան 26՝ հեղափոխության, հո տուն տունի՞կ չի՝ ամեն օր Բաղրամյան բարձրանանք, իջնենք։ Էդ օրը ուղղակի ոստիկանությունը պրովոկացիա է արել, քանի որ իրանք չգիտեին, թե որոնք էին լինելու իմ հետագա քայլերը, ուզում էին տեղում կռիվ սարքել, իրանք գիտեն, որ անկանխատեսելի եմ։ Նրանք, ովքեր ասում են՝ Շանթը հեղափոխություն արեց, տեսաք՝ չստացվեց, իրենք սխալ են։ Շանթը հեղափոխությունը կաներ դեկտեմբերի 2-ին ու նոր կասեին՝ ստացվեց, թե չէ: Ու ես էդ Պուտինի ներկայությամբ կանեի։ Ես իմ ընկերներին ասել եմ՝ եթե ոստիկանները ուժ կիրառեն, դրա համարժեքը կստանան, ես չէի ուզում, որ բախում լիներ մինչեւ դեկտեմբերի երկուսը, բայց եթե բախում սկսվեր, ես ասել էի, որ դրանից չեմ խուսափի։ Ես կարող ա տանը խոսել եմ, ասել եմ՝ փետով կխփեն, մենք էլ կխփենք ու ես ամիսներով, տարիներով քարոզել եմ, որ հեղափոխություն եմ անելու, ու իմացել եմ, որ կարողա տան, սպանեն»,-ասաց Շանթ Հարությունյանը:

Դատախազի հարցին, թե արդյոք ընդունում է, որ հարվածել է ոստիկաններին, Շանթ Հարությունյանը պատասխանեց. «Ես չեմ հիշում, որ ոստիկաններին եմ հարվածել, որովհետև 7 հոգով հասան վրես, ինչ հիշում եմ, գետնին եմ եղել, էդ ամոթ ա, բայց շատ ուրախ կլինեմ, որ խփած լինեմ»։ Ես կրում եմ բոլոր խփվածների պատասխանատվությունը, կլինի իմ կողմից խփված, թե ընկերներիս»:

Դատախազի հաջորդ հարցը, թե ինչու Երեւանի քաղաքապետարանին չեն իրազեկել երթի մասին, բարկացրեց Շանթ Հարությունյանին. «Իրազեկել ես հասկանում եմ տեղեկացնել, եթե իրավաբանական օրենսգրքում ուրիշ բան ա նշանակում, ինձ ասեք։ Ես տարիներով մամուլի միջոցով ասել եմ, որ 2013թ. հեղափոխություն եմ անելու։ Իսկ նոյեմբերի 5-ին Գայ Ֆոքսի դիմակով ակցիա էր, ես դրա մասին իրազեկել ու տեղեկացրել եմ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում՝ որպես Գայ Ֆոքսի դիմակներով երթ։ Իսկ եթե դուք տեղեկացնել ասելով նկատի ունենք թույլտվություն տալը, ասեմ, որ չկա մեկն ով ինձ կարա թույլտվություն տա, որ երթ անեմ, ես չեմ դուրս եկել սադրելու ու եթե դուրս գամ, էլի եմ անելու ու լավ եմ անելու, ավելին եմ անելու»։

Նշենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):