Այս շաբաթվա սկզբին Ուկրաինայի Հարավ-արեւելքի հակամարտության զոհերի թիվը հասել է  2086-ի, հայտնում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մամուլի ծառայությունը:

Հուլիսի 26-ին ՄԱԿ-ի գրանցած զոհերի թիվը  1129  էր:

«Սա ակնհայտ խոսում է հակամարտության սրացման մասին», - լրագրողներին նոր տվյալներն է մեկնաբանել Խորհրդի մամուլի քարտուղար Սեսիլ Պույին:

Բացի դրանից, հաղորդվում է, որ ավելի քան 5 հազար մարդ է վիրավորվել չորս ամսվա մարտերի ընթացքում:

Ուկրաինայի ԱԱՊԽ-ում հայտնել են, որ մեկ օրվա ընթացքում զոհվել է ուկրաինացի 11 զինվոր:

Ավելի վաղ  հաղորդվել էր նաեւ Դոնեցկի մերձակայքում «Աջ սեկտորի» տասնյակ մարտիկների զոհվելու մասին: Սակայն ԱԱՊԽ-ում նշել են, որ Դոնեցկի մոտ «Աջ սեկտորի» ավտոբուսի գնդակոծման վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն չկա: