Մոսկվայի քաղաքային դատարանում այսօր՝ օգոստոսի 13-ին, ռուսաստանաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցի վերաբերյալ փաստաբանների ներկայացրած միջնորդության քննության ժամանակ հայ գործարարը հայտարարել է, որ գործով քննիչը ստիպում է իրեն ստորագրել ինչ-որ փաստաթղթեր եւ այնուհետեւ ինքն ազատ կարձակվի: Այս մասին NEWS.am-ին ասաց Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Արթուր Սաֆարյանը, որն այս պահին գտնվում է Մոսկվայի քաղաքային դատարանում:
«Լեւոն Հայրապետյանը սկսեց խոսել անօրինականությունների մասին եւ երբ հայտարարեց քննիչի ապօրինությունների մասին, սիրտը բռնեց ու գանգատվեց ինքնազգացողությունից: Այս պահին նրան բուժօգնություն են ցուցաբերում: Մենք էլ դատարանում սպասում ենք արդեն 2 ժամ է: Երբ Լեւոն Հայրապետյանը խոսում էր, զգացվում էր, որ հիվանդ է, ընկճված է, կալանավայրի պայմաններն ահավոր ազդել են այդ մարդու վրա»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դատական այսօրվա նիստին ներկա էին ոչ միայն բարերարի հարազատներն ու ընկերները, այլեւ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, որն ի դեպ, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրն է. «Այնքան մարդ էր եկել, որ դահլիճում տեղ չկար, մեծ մասը միջանցքում դրված հեռուստացույցով էր հետեւում նիստին: Բացի հայերից՝ այստեղ էին նաեւ ռուս մտավորականներ»:
Նշենք, որ Մոսկվայի քաղաքային դատարանը դատական նիստը հետաձգել է մինչեւ օգոստոսի 15-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության հետաքննչական կոմիտեն «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերը հափշտակելու եւ անօրինական ճանապարհով ստացված գումարները յուրացնելու մեջ կասկածվող հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանքներ է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով:






























