2013 թվականի նոյեմբերի 5-ին Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված Շանթ Հարությունյանն եւ նրա ընկերները այսօր՝ օգոստոսի 13-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ցուցմունքներ տվեցին:
Ամբաստանյալ Վահե Մկրտչյանը պատմեց, որ Շանթ Հարությունյանն իր կյանքի ուսուցիչն ու ավագ ընկերն է. նա դուրս է եկել փողոց, որովհետեւ համամիտ է Շանթի գաղափարախոսությանը:
«Ես ինքս եղել եմ Շանթի մտքին, մտածել եմ, որ պետք է արմատական հեղափոխություն անենք: Եթե մենք ուզում ենք վերջը երջանիկ ապրենք, դրան պետք է հասնել: Պետության իշխանությունն է մեղավոր, որ ժողովրդին սարքել է ստրուկ: Ինձ ոստիկանությունում 25 տարեկան մեկն ասում է՝ երկիրը սրտովդ չիէ թող գնա, բայց ինչի՞ ես գնամ, իմ երկիրն է, թող իրանք գնան, դա ազատության համար պայքար էր։ Երբ էդ ասողը 5 տարեկան էր, ես ավտոմատը ձեռքիս իր խաղաղ քունն էի ապահովում»:
Դատախազի հարցին, արդյո՞ք նա հարվածել է ոստիկան Վարդան Գեւորգյանի գլխին, Վահե Մկրտչյանը պատասխանեց. «Չեմ հիշում, պայքարի մեջ եմ եղել, խփել-չխփելը կադրերով կերեւա։ Վեճը եղել է քաղաքացիական հագուստով անձանց հետ, ու թե ով է ընկել ձեռքիս տակ պայքարի ժամանակ՝ չգիտեմ»:
Վահե Մկրտչյանն իրեն մեղավոր չհամարեց նաեւ այն բանի համար, որ տուժող ոստիկան Պետրոս Հայրապետյանը դեմքին հարված է ստացել. «Փորձում էր փետը ձեռքից վերցնել, ես էլ կտրուկ թողեցի, փետը գնաց՝ կպավ աչքին, ես ի՞նչ մեղավոր եմ, ինձ քաշքշում էին»:
Վահե Մկրտչյանը հաստատեց նաեւ իր ընկերների խոսքերը, թե քաղաքացիական հագուստով ոստիկանները չեն ներկայացել:
Ամբաստանյալ Ալեք Պողոսյանն իր ցուցմունքում ասաց, որ դուրս է եկել պայքարի, որովհետեւ երկրի ապագան վտանգված է:
«Հայաստանի շահերը ոտնահարված են, ու դա մեր իշխանությունների երեսից է, Հայաստանը Ռուսաստանի շահերն է սպասարկում, մեր իշխանության կողմից ռուսական շահերը սպասարկող անձանց արձաններով է լցվում քաղաքը, այստեղ լրիվ ռուսամետ քաղաքականություն են վարում: Ես համախոհ եմ Շանթի գաղափարներին ու կիսում եմ նրա մտքերը: Ես չեմ ուզում ու չեմ թողնի, որ իմ երեխաների ապագան գողանան, դրա համար էլ կանգնել եմ Շանթի կողքին: Մենք մեր հայրենիքի համար ենք կռվել, մեր շատ ընկերներ մարտի դաշտում զոհվել են, եթե ես չպայքարեի, իմ ընկերների հիշատակի առաջ մեղք գործած կլինեի»,- հայտարարեց Ալեք Պողոսյանը։
Դատական հաջորդ նիստը տեղի կունենան օգոստոսի 15-ին:
Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին շուրջ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ ութ ոստիկան: Հարուցված գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն):





























