ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Շիրակի մարզ կատարած այցի ընթացքում ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ, որի ընթացքում անդրադարձել է նաեւ դեպի Ռուսաստան արտահանման ծավալների ավելացման խնդրին` ընդգծելով, որ այժմ Հայաստանի համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել այդ խնդրի լուծման համար:
«Ավանդաբար մեր արտահանումների 70 տոկոսն իրացվել է Ռուսաստանի շուկայում: Բայց այսօր, երբ մի շարք երկրների նկատմամբ Ռուսաստանի կառավարության կողմից կիրառվում են գյուղմթերքի ներմուծման արգելքներ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան շուկայում առաջացած այդ բացը մեր հնարավորությունների սահմաններում լրացնել եւ կարճ ժամկետներում ավելացնել արտահանման ծավալները, ինչի հնարավորությունը մենք լիարժեք ունենք: Ընդ որում, դա վերաբերում է ե՛ւ թարմ պտուղ-բանջարեղենի, ե՛ւ վերամշակված տեսքով գյուղմթերքի, գինու եւ կոնյակի արտահանմանը»,- նշել է նախարարը:
Միաժամանակ, Սերգո Կարապետյանն ավելացրել է, որ Հայաստանը ներկայում հնարավորություն ունի նույնիսկ կրկնապատկել արտահանման ծավալները:
Իսկ հարցին, արդյո՞ք Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերը չեն խոչընդոտի գյուղմթերքի արտահանմանը, նախարարը պատասխանել է, որ այդ խնդիրը մշտապես նախարարության ուշադրության կենտրոնում է եւ կապի մեջ են ինչպես Վրաստանի գործընկերների, այնտես էլ Հայաստանի արտաքին գործերի ու տրանսպորտի եւ կապի նախարարությունների հետ: «Չնայած Լարսում մարդկանց հոսքն ավելացել է եւ աճել է ապրանքաշրջանառությունը, ինչի հետեւանքով կուտակումներ են առաջացել, սակայն այդ անցակետն աշխատում է բնականոն հունով»,- ամփոփել է նախարարը:





























