Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 27-28-ին՝ «Հետադարձ հայացք՝ 100 տարի անց» խորագրի ներքո: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ մշակույթի նախարարությունից: Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում նախատեսված միջոցառումները նվիրված են Առաջին աշխարհամարտի դեպքերին: Դրանց նպատակն է հուզական ճամփորդություն ապահովել՝ ճանաչելու մշակութային ցեղասպանության հետեւանքով հայ ժողովրդի կրած մշակութային ժառանգության՝ պատմաճարտարապետական կոթողների եւ հոգեւոր արժեքների անդառնալի կորուստը, վերապրելու պատմության անցած 100 տարիները եւ վերաարժեւորելու հայ մարդու մոխիրներից վերստին հառնող ստեղծագործ ուժը:
Այս տարի նույնպես հանրապետության բազմաթիվ պետական եւ մասնավոր թանգարաններ իրենց միջոցառումների հարուստ ընտրանին կներկայացնեն հանրությանը, դռները կբացեն նաեւ այն հաստատությունները, որոնք սովորաբար փակ են քաղաքացիների այցելությունների համար:
Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերը Եվրախորհրդի եւ Եվրամիության համատեղ նախաձեռնությունն է, որն անցկացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած եվրոպական 50 երկրներում:





























