Մոսկվայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում այսօր ժամը 18:30-ին մահացել է 20-ամյա Մերի Քոչարյանը՝ մերձմոսկովյան Օդինցովոյի բնակչուհին, ում կյանքի համար բժիշկները պայքարում էին: Մայրաքաղաքի բժշկական աղբյուրները «ԲալտԻնֆո»-ին տեղեկացրել են, որ բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ, սակայն աղետի ժամանակ ստացած վնասվածքները ծայրահեղ ծանր են եղել:

Ընդհանուր առմամբ, հիվանդանոցներում 8 մարդ է մնում: Այսօր երկու տուժածներ դուրս են գրվել բժշկական հաստատություններից:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 08:35-ին Ռուսաստանի մայրաքաղաքի մետրոպոլիտենի «Սլավոնական բուլվար» եւ «Հաղթանակի զբոսայգի» կայանների միջեւ ռելսերից դուրս են եկել երկու գլխավոր վագոններ եւ մխրճվել թունելի պատի մեջ: Գնացքի կործանման արդյունքում 23 մարդ է զոհվել, 217-ը տուժել է, 150-ը տեղափոխվել են հիվանդանոցներ: