Բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման եւ բնակիչների հարմարավետության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում Երեւանի քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն  համագործակցությամբ մայրաքաղաքում շարունակվում են շքամուտքերի վերանորոգման աշխատանքները:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե 2014 թվականին նախատեսված է  վերանորոգել 727 մուտք: Ավելի քան 470-ում այդ  աշխատանքներն արդեն ավարտված են: Մուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում ընթանում են ինչպես ներքին հարդարման, այնպես էլ պատուհանների փոփոխման աշխատանքներ: Շենքերի մեծ մասում նորոգումները ներառում են բոլոր հարկաբաժինները:

Վերանորոգման պատշաճ որակն ապահովելու եւ մուտքերը բնակիչներին երկար ծառայեցնելու համար աշխատանքների նկատմամբ իրականացվում է ամենօրյա հսկողություն:

Մայրաքաղաքում առկա շուրջ 5 հազար բազմաբնակարան բնակելի շենքերը, որոնք թեեւ բաժնային սեփականություն են եւ դրանցից յուրաքանչյուրի օժանդակ տարածքների նորոգման, բարեկարգման ու պահպանման պարտավորությունը բացառապես բաժնային սեփականատեր համարվող բնակիչներինն է, այդուհանդերձ Երեւանի քաղաքապետարանը  պարբերաբար ուսումնասիրում եւ կոնկրետ ծրագրեր է իրականացնում առկա խնդիրների լուծմանն աջակցելու ուղղությամբ: